Իրաքում մարտին արձանագրվել է բռնությունների ամենացածր թիվը` սկսած 2003թ.-ի մարտից, երբ այդ երկիր ներխուժեցին ամերիկյան զորքերը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն` անցած ամիս հարձակումների և ահաբեկչությունների զոհ է դարձել 112 մարդ, որոնցից 72-ը խաղաղ բնակիչներ են: Դա մոտ երկու անգամ պակաս է նախորդ տարվա մարտի ցուցանիշից: Զոհերի մոտ կեսն արձանագրվել է մարտի 18-ին, երբ մի քանի պայթյուններ էին տեղի ունեցել Իրաքի տարբեր քաղաքներում:











































