Քիչ առաջ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ Տյումենում կործանված ուղևորատար ինքնաթիռի ուղևորներից 17-ը ողջ է մնացել, սակայն նրանցից առնվազն 5-ի վիճակը ծանր է: Հաղորդվում է 16 մարդու մահվան մասին: Այս մասին տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տյումեն քաղաքի մերձակայքում մոտ երկու ժամ առաջ օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է «ՅութԷյր» ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռը կորել է տեսադաշտից օդանավակայանից թռիչք կատարելուց երկու րոպե անց: Սկզբում աղբյուրները հաղորդում էին, որ հնարավոր է՝ ինքնաթիռում գտնվող 39 ուղևորներն ու անձնակազմի 4 անդամները զոհվել են, սակայն այս պահին ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 17 մարդ ողջ է մնացել:









































