Բրիտանական MI5 հատուկ ծառայությունն իմացել է Ահմեդ Զաքաևի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին, որը պետք է տեղի ունենար Լոնդոնի փողոցներից մեկում: Այս մասին գրել է The Telegraph թերթը:
Որպես հանցագործության կատարման միջնորդ հանդես է եկել 45–ամյա մի ռուս տղամարդ, ում անունը չի հրապարակվել: Հայտնի է, որ նա վեց երեխաների հայր է և նախկին զինծառայող: Դատական փաստաթղթերում նա նշվել է որպես E1:
Սպանության ենթադրյալ պատվիրատու է համարվում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, իսկ E1-ը սպանությունը կատարողներին պետք է թանկ տեղեկություն հաղորդեր: MI5-ի տեղեկատվության համաձայն՝ E1-ը մասնակից է եղել 2009 թ. Ռամզան Կադիրովի թիկնապահի սպանությանը:
MI5-ը պնդում է, որ E1-ը մեծ վտանգ է ներկայացնում: Այդ պատճառով Զաքաևի դեմ կատարվող մահափորձը բացահայտվել է դատարանում:
Ինքը` Զաքաևը թերթին հայտնել է, որ այս մահափորձի մասին ինքը չգիտեր, սակայն նախկինում ևս իր դեմ մահափորձեր կատարվել են:
«Այժմ Մեծ Բրիտանիայում ավելի շատ ռուս լրտեսներ կան, քան Սառը պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ` բրիտանական իշխանություննեը և հատուկ ծառայությունները գիտեն այս մասին: Ոչինչ չի փոխվի մինչև որ Վլադիմիր Պուտինը չհանձնի իր դիրքերը Ռուսաստանում»,- ասել է Զաքաևը:
Նշենք, որ Ռուսաստանում Զաքաևը մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ` ուղղված տարածքային ամբողջականության խախտմանը և ՌԴ Սահմանադրության փոփոխությանը:








































