Տուարեգներն ու նրանց դաշնակից իսլամիստները , որոնք ապստամբություն են բարձրացրել Մալիում, գրավել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Գաո քաղաքը:
Ականատեսների վկայությամբ` զինյալների խմբերը քաղաք են մտել բեռնատարներով, որոնց մեջ եղել են նաև Ազավադ շրջանի դրոշներ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, վերջիններս զինված են, այդ թվում՝ ծանր զինատեսակներով:
Ազավադը տուարեգների շրջանի ավանդական անվանումն է: Տուարեգները պայքարում են Սահարա անապատի տարածքում անկախության հասնելու համար, որը ներառում է Մալիի հյուսիս-արևելքն ու արևելքը, Բուրկինա-Ֆասոյի հյուսիսն ու Նիգերի արևմուտքն ու հյուսիս-արևմուտքը, ինչպես նաև Ալժիրի հարավ-արևելքն ու Լիբիայի հարավ-արևմուտքը: Գաոն Մալիի նույնանուն նահանգի անվանումն է:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազավադի ազատագրության ազգային շարժման ապստամբները գրավել էին Մալիի հյուսիսում գտնվող Կիդալ քաղաքը:
Կապիտան Ամադու Սանոգոն, որը գլխավորել է Մալիի մայրաքաղաք Բամակոյում զինված հեղաշրջումը, Կիդալի գրավումից հետո հանդես է եկել խնդրանքով` արտաքին միջամտություն խնդրելով երկրի հյուսիսում ապստամբների դեմ պայքարելու նպատակով: Նա զգուշացրել է, որ իրավիճակը երկրում կրիտիկական է:
Հիշեցնենք, որ ապստամբությունը սկսվել է Կատիի զորամասում, որը տեղակայված է Բամակոյից 15 կմ հեռավորության վրա: Մարտի 21-ի երեկոյան Մալիի զորքը շրջափակել էր նախագահական նստավայրը, իսկ մարտի 22-ին ամբողջությամբ վերցրել էր իր հսկողության տակ:










































