Սիրիական կառավարությունը ենթադրում է, որ ընդդիմության` վարչակարգը հեղաշրջելու փորձին վերջակետ է դրվել: Ինչպես հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսիին, ներկայումս պայքար է ընթանում` «կայունության հաստատման համար»: Նա հավելել է, որ սիրիական բանակը երկրի քաղաքներից կհեռանա միայն այն ժամանակ, երբ այնտեղ հաստատվի խաղաղություն ու անվտանգություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Անվտանգության խորհրդի նախագահին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է ուղարկել, որտեղ նշվում է, որ անցած տարվա մարտին սկսված անկարգություններից մինչև 2012թ. մարտի 15-ը Սիրիայում զոհվել է երկրի 6143 բնակիչ:
Համաձայն սիրիական կառավարության տեղեկությունների` ահաբեկիչների զոհ են դարձել 3211 խաղաղ բնակիչներ, 478 ոստիկաններ, 2088 զինծառայողներ ու անվտանգության ուժերի աշխատակիցներ: Ընդ որում` նրանցից 204-ը կին, 156-ը` երեխա: Նշված է նաև, որ 106 մարդ սպանվել է ահաբեկչական հարձակումների հետևանքով:
Իր հերթին, ՄԱԿ-ը հաղորդել է, որ կոնֆլիկտի հետևանքով զոհերի թիվը արդեն գերազանցել է 9 հազարը:
Սիրիայում անկարգությունները սկսվել են 2011թ. մարտի 18-ից:










































