Թաիլանդի հարավում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 40 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Bangkok Biz News թերթի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել շաբաթ երեկոյան՝ Յալլա քաղաքի գործարար թաղամասում: Իրար հետևից պայթել են մեքենաներում տեղադրած երեք ռումբեր:
Ոստիկանությունը կատարվածի համար պատասխանատու է համարել անջատողական խմբավորումներին:
Թաիլանդի հարավի երեք մարզերը՝ Նարաթիվաթ, Յալլա և Պատտան, նախկինում պատկանել են Բանգկոկի ենթակայության տակ գտնվող Պատտանի կիսանկախ սուլթանությանը:
20-րդ դարի սկզբին Սիամի թագավորության (ներկա Թաիլանդ) և Բրիտանական Մալայեյի (ներկա Մալայզիա) միջև կնքված մի շարք պայմանագրերի արդյունքում սուլթանությունը միացվեց Սիամի թագավորությանը, իսկ նրա տարածքը բաժանվեց երեք մարզերի միջև: Այս մարզերի բնակչությունը կազմում են հիմնականում մուսուլմանները, սակայն կան նաև այլ շրջաններից տեղափոխված բուդդիստներ:











































