Bosch ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանց Ֆերենբախը 2012 թ. հունիսի 30-ին հրաժարական կտա: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն` վկայակոչելով գերմանական ընկերության մամլո հաղորդագրությունը:
Ֆերենբախին այդ պաշտոնում կփոխարինի ընկերության վարչակազմի ներկայացուցիչ Ֆոլկմար Դենները: Վերջինս այժմ զբաղվում է ընկերության զարգացման, կորպորատիվ հետազոտությունների, արտադրական գործունեության ծրագրավորման ու տեխնիկական համակարգման հարցերով:
Ֆերենբախը, ով 1999 թվականից ընդգրկված է ընկերության վարչակազմում և զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը, հրաժարականից հետո կզբաղեցնի Bosch-ի դիտորդական խորհրդի ղեկավարի պաշտոնը: Բացի այդ, Ֆերենբախը Հերման Շոլի փոխարեն կգլխավորի Bosch Foundation-ը, որը հանդիսանում է արտադրական հսկայի խոշորագույն բաժնետերը: Շոլը թոշակի կանցնի:









































