Ամանորի նախօրեի երեկոյան ավանդաբար Սիդնեյում կազմակերպվող հրավառության դիզայնով կզբաղվի հայտնի երգչուհի Քայլի Մինոուգը: Այս մասին տեղեկացվում է Contactmusic կայքում:
Ըստ երգչուհու՝ տոնական միջոցառումների կազմակերպմամբ նա մտադիր է նշել իր երաժշտական կարիերայի 25-ամյակը: Մինոուգը իր Locomotion դեբյուտային սինգլը թողարկել է 1987թ., ընդ որում՝ երգչուհու առաջին Kylie
ալբոմը վաճառքի է դուրս եկել միայն 1988թ. հուլիսին:
Մինոուգի կարիերայի տարեդարձի հետ կապված են նաև այլ միջոցառումներ: Մասնավորապես՝ երգչուհին ձայնագրել է իր ամենահայտնի հիթերի նոր տարբերակները: Բացի այդ, նա հայտնել է K25 Anti Tour անվանումը ստացած մի շարք համերգների մասին: Շրջագայությունը սկսվել է մարտի կեսին Մելբուռնում կայացած համերգից:
Սիդնեյի հրավառությունը` ամենահայտնի միջոցառումներից մեկն է, որ տեղի է ունենում Ամանորը տոնելու շրջանակներում: Ըստ ունեցած տվյալների՝ 2010թ. դեկտեմբերի 31-ի լույս 2011թ. հունվարի 1-ի գիշերը հրավառությունը դիտելու էր եկել ավելի քան կես մլն մարդ:











































