Հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու և փողեր լվանալու մեջ մեղադրվող Նարեկ Հարթունյանի քրեական գործով դատաքննությունը այսուհետ կնախագահի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը. դատավարությունը նախագահող ներկայիս դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել:
Դատավորի ինքնաբացարկի միջնորդություն Նարեկ Հարությանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել էր դեռ նախորդ նիստի ժամանակ, քանի որ վերջինս կասկածում էր դատավորի անաչառությանը: Ըստ փաստաբանի` դատավոր Բաղդասարյանը բարեկամական և ընկերական հարաբերությունների մեջ է մեղադրական կողմի հետ:
Այսօրվա դատական նիստը բացվելուն պես փաստաբան Ալումյանը, ներկայացնելով դատավորի հանդեպ ունեցած անվստահություն հիմքերը, կրկին միջնորդել է, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի և, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, մատնանշել է դատավորի ինքնաբացարկի հիմքերը: Դրանք, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Իսկ տվյալ դեպքում, Նարեկ Հարթունյանի փաստաբանի համոզմամբ, դատավորն առավել քան այս դատարանի մեկ ուրիշ դատավոր, ազգակցական և ընկերական կապերով կապված է մեղադրող կողմի՝ նախաքննությունն իրականացրած մարմնի և մեղադրող դատախազի հետ:
Բանն այն է, որ մինչ դատական նիստը պարզվել է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի երկու քույրերի ամուսիններն աշխատում են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում, ընդ որում՝ նրանցից մեկն այդ կառույցում զբաղեցնում է բարձրագույն պաշտոններից մեկը: Ինչպես մատնանշում է փաստաբանը, եթե հաշվի առնենք, որ այս գործը հարուցվել, բոլոր «ապացույցները» հավաքվել, և մեղադրական եզրակացությունը կազմվել է հենց ՊԵԿ-ում, իսկ գործը դատարան մուտք գործելու օրը դատավորի քրոջ ամուսնու անմիջական ղեկավարը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ա. Ալավերդյանը հրապարակային և պաշտոնական հայտարարություն է արել Նարեկ Հարթունյանի մեղավորության վերաբերյալ, ապա պարզ է դառնում, որ Նարեկի գործը քննելու համար ՊԵԿ-ին ամենաձեռնտու դատավորի թեկնածուն հենց Նելլի Բաղդասարյանն է:
Դատական նիստի 3 ժամ ընդմիջվելուց հետո դատավոր Ն. Բաղդասարյանն այսօր բավարարեց միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց, իսկ գործը հանձնվեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին:









































