Սպիտակ տունը, ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պահանջների, հաստատել է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարավի հաստատված նախագծի հիման վրա ՀՀՊ համակարգեր տեղակայելու մտադրությունից:
Երեկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները նախագահից պահանջել էր ավելի զգույշ լինել ՀՀՊ հարցում Ռուսասատնին համագործակցության խոստումներ տալիս և հրապարակավ հաստատել, որ ՀՀՊ համակարգեր, այնուամենայնիվ, կտեղակայվեն:
Հիշեցնենք. օրերս Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև հանդիպումից հետո քաղաքական սկանդալ է բռնկվել: Բանն այն է, որ չանջատված բարձրախոսների պատճառով լրագրողները լսել են, թե ինչպես է Օբաման ասում, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինքը կարող է ավելի ճկուն լինել ՀՀՊ հարցում:
Երեկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին ճեպացրույցում հաստատել է, որ ԱՄՆ դիրքորոշումը ՀՀՊ հարցում չի փոխվել:
«ԱՄՆ նախագահն արդեն բացատրել է մեր դիրքորոշումը Սեուլում (Մեդվեդևի հետ հանդիպումից մեկ օր հետո): Այն, ինչ մենք ասել ենք Մեդվեդևին, արդեն հրապարակավ բացատրել ենք. այժմ ընտրական տարի է, այդ թվում՝ Ռուսաստանում, ինչպես նաև մենք պետք է որոշակի աշխատանք տանենք դիրքորոշումները համաձայնեցնելու հարցում… Ինչ վերաբերում է ՀՀՊ ծրագրերին, ապա հստակ կարող եմ ասել. մենք մեր դաշնակիցների հետ ՀՀՊ ենք տեղադրում Արևելյան Եվրոպայում՝ մեզ և Եվրոպայի մեր դաշնակիցներին թշնամիներից, ինչպիսին է Իրանը, պաշտպանելու համար: Համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Մենք միայն դա ենք ասել ռուսներին»,- մեկնաբանել է Քարնին:
Նրա խոսքերով՝ Սպիտակ տանը հասկանում են, որ Ռուսաստանը չի ընդունում ԱՄՆ բանավոր հայտարարություններն առ այն, որ այդ համակարգն ուղղված չէ իր դեմ, սակայն «պատրաստվում է այդ ուղղությամբ շարունակել քննարկումները՝ նրան համոզելու համար»:
Քարնին նաև նկատել է, որ ՀՀՊ համակարգում վարչակարգի կողմից ցանկացած գործողություն պարտադիր կերպով կհամաձայնեցվի Կոնգրեսի հետ և կընդունվի միայն երկու կուսակցությունների աջակցության դեպքում:









































