Ընտրողների ցուցակում 174 հազարի ավելացումը, որ արձանագրել է իշխանությունը 2008 թվականի ընտրության համեմատ, առաջացնում է մի հետաքրքրական հարց, իհարկե՝ այն խայտառակ պատկերից հետո, որ դրսևորվում է, այսպես ասած, որակապես նոր ընտրություն անցկացնելու մասին խոստումների ֆոնին: Հարցն այն է, թե արդյոք ո՞ւմ է բաժին հասնելու այն 174 հազար հավելյալ ընտրողը, որ ավելացել է ընտրողների ցուցակում:
Պարզ է, որ այդ ավելցուկը իշխանության օգտին է գրանցվելու: Բայց իշխանությունը, ինչպես հայտնի է, ներկայումս հանդես է գալիս առնվազն երեք դեմքով՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ: Այդ երեք դեմքից թերևս միայն մեկը՝ ԲՀԿ-ն չունի 5 տոկոսի արգելքը հաղթահարելու և ընդհանրապես զգալի ցուցանիշ արձանագրելու խնդիր: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներից ելնելով՝ «Բարգավաճ Հայաստան»-ը նույնիսկ կարող է բավական արդար ձևով մրցակցել նաև ընդդիմության հետ: Հետևաբար հավելյալ ձայների կարիք զգում են Հանրապետականը և «Օրինաց երկիր»-ը: Հանրապետականն էլ, խոշոր հաշվով, 5 տոկոսը կարող է հաղթահարել եղած ձայներով, այսինքն՝ վարչական ռեսուրսների և ընտրակաշառքի միջոցով, բայց այն մեծամասնական հավակնությունները, որ ունի ՀՀԿ-ն, պահանջում են լրացուցիչ ձայներ:
Միևնույն ժամանակ իրավիճակը պահանջում է, որ այդ ձայները ձեռք բերվեն անաղմուկ, այսպես ասած՝ ազատ և արդար տպավորությամբ: Հետևաբար անհրաժեշտ է ոչ թե բռնություն, այլ խորամանկություն և մեքենայություններ: 174 հազար ձայնը հենց դրանց շարքից է: Այդ ձայնը պետք է ՀՀԿ-ին՝ իր բացարձակ մեծամասնության հավակնությունները ապահովելու համար: Իսկ նկատի ունենալով խորհրդարանական ընտրությունների, այսպես ասած, «ապակենտրոնացված» առանձնահատկությունը՝ ի տարբերություն նախագահականի, կարող ենք եզրակացնել, որ 174 հազար ձայնը էական քանակ է այդ բացարձակ հավակնությունները սպասարկելու առումով: Ըստ ամենայնի ՀՀԿ-ն դրա առյուծի բաժինը հենց իր համար է նախատեսել: «Բարգավաճ»-ին դրանից թերևս ոչինչ չի հասնի, իսկ ԲՀԿ-ի, այսպես ասած, օգուտը կմնա այն, որ ՀՀԿ-ն գոնե քիչ աչք կդնի հենց ԲՀԿ ձայների վրա: Այդ պատճառով էլ «Բարգավաճ Հայաստան»-ը թերևս շահագրգռված չի լինի ցուցակների ավելորդությունները մաքրելու գործընթացով:
Ի՞նչ բաժին կհասնի ՕԵԿ-ին: Ըստ երևույթին դա կորոշվի տեղում, այսինքն՝ հենց այդ պահին, նայած, թե ինչպես կընթանա իրական քվեարկությունը: Բանն այն է, որ կարող է ստեղծվել մի վիճակ, երբ ՀՀԿ-ի համար այդ 174 հազար ձայնից ճակատագրական լինի թեկուզ մեկ ձայնը: Այդ դեպքում Հանրապետականը հազիվ թե մտածի ՕԵԿ-ին 5 տոկոսով անցկացնելու մասին:









































