Այսօր «Հայաստան-Իտալիա. Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները» համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ասաց. «Հայաստանը շատ անելիք ունի միջազգային տուրիստական շուկայում»։
Նա նշեց, որ տուրիստական ծառայությունները դեռևս ցանկալի որակ չեն ապահովում, թեև տարեցտարի բարելավվում է ծառայությունների որակը: Ըստ նրա՝ ծառայությունների որակ ասելով պետք է հասկանանք բոլոր այն կառույցներն ու ինֆրակառուցվածքները, որոնց շփվում է զբոսաշրջիկը։
Ըստ փոխնախարարի՝ չնայած դեռևս առկա են չլուծված խնդիրներ, բայց շատ խնդիրներ արդեն լուծվել են՝ օդանավակայանի, պատմամշակութային վայրերում ինֆրակառուցվածքների, ճանապարհների, հյուրանոցների և այլն:
Արա Պետրոսյանի դիտարկմամբ՝ կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանը միջազգային, իտալական զբոսաշրջության շուկայում ճանաչելի դառնա, քանի որ տուրիստական քարտեզի վրա Հայաստանը նոր առաջացած երկիր է:
«Իտալիան տուրիստական քարտեզի վրա ամենագրավիչ երկրներից է, և ես կարծում եմ, որ հայ զբոսաշրջիկները չեն կարող անտարբեր լինել: Հոսքը դեպի Իտալիա՝ պատմական, ճանաչողական տուրիզմի և ծովային հանգստի առումով, միշտ է ակտիվ եղել»,- նշեց Արա Պետրոսյանը՝ հավելելով, որ զարգացման եզրեր են տեսնում հոգևոր մշակութային տուրիզմի զարգացման առումով:
Ըստ վերջին տվյալների՝ Իտալիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը տարեկան աճում 10-15%-ով: 2009 թվականին նրանց թիվը եղել է 4000, 2010 թվականին՝ 6500, 2011թ.՝ շուրջ 7800:







































