Մենք հարգում ենք ՄԻՊ-ի իրավունքը ունենալ սեփական կարծիք: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը`խոսելով ՄԻՊ-ի այն կոչից, որով հորդորում է սեփական ուժերով չապամոնտաժել կրպակները:
Տ. Խզմալյանը նշեց, որ ՄԻՊ-ն արտահայտում է իր ցանկությունը: «Մենք հարգում ենք մարդու իրավունքը, ՄԻՊ-ի իրավունքը՝ ունենալ սեփական կարծիք, բայց դա իր սեփական կարծիքն է: Մենք կգերադասեինք ունենալ այնպիսի ՄԻՊ, ով ընտրված է ժողովրդի կողմից, այլ ոչ թե նշանակված է, իսկ ես ավելի վստահ կլինեի նրա անաչառության մեջ: Մենք դատական ակտերի հարկադիր կատարողների դերում ենք լինելու, ապամոնտաժումը մեր երիտասարդ գործընկերների որոշումն է, և մենք այն ի կատար ենք ածելու, տվյալ դեպքում մենք հարգում ենք նրանց, որպես քաղաքացիների, որպես հասարակության սերուցքի վճիռը: Մենք տվյալ դեպքում հասարակական կարծիքի գործիք ենք»,- մեկնաբանեց Տ. Խզմալյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կոչ է արել զերծ մնալ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժելուց: «Կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների: Նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ», – ընդգծել էր Կարեն Անդրեասյանը:







































