Այն, ինչ հանրային տարբեր խմբեր և կուսակցություններ արձանագրում են ընտրացուցակներում առկա իրավիճակի առումով, մեկ բառով կարելի է բնորոշել խայտառակություն: Ինչպես հայտնի է, ընտրողների հրապարակված ցուցակի համաձայն, չորս տարի առաջ տեղի ունեցած համապետական ընտրության համեմատ Հայաստանում ընտրողների թիվը ավելացել է մոտ 174 հազարով, այն դեպքում, երբ մարդահամարի տվյալով Հայաստանում բնակչության թիվը մոտ 100 հազարով նվազել է: Այսինքն, Հայաստանում տեղի է ունենում պարզ ու հասարակ աճպարարություն, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով:
Տարբեր քաղաքացիներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, քաղաքական ուժեր ահազանգում են, որ այս կամ այն բնակարանի հասցեով գրանցված է մի քանի տասնյակ մարդ. պատկերացրեք՝ մեկ բնակարանի վրա կան հարյուրից ավելի գրանցվածներ: Ասել, թե այս ամենը պատահականություն է կամ թյուրիմացություն, առնվազն միամտություն կլինի: Այդ ամենը պետական հստակ կազմակերպված աշխատանք է, որ կոչվում է «լավագույն» ընտրություն: Հայաստանում այդպես են լավագույն ընտրություն կազմակերպում: Դրա մասին իհարկե պետք է առաջին հերթին տեղեկանան այն դիվանագետները, Հայաստանի այն միջազգային գործընկերները, ովքեր լսում են այդպիսի ընտրության մասին իշխանության հավաստիացումներն ու հույս հայտնում, թե իշխանությունը տեր կլինի իր խոսքին:
Հայաստանում իշխանությունն իր խոսքին տեր չէ, Հայաստանում իշխանությունը տեր է միայն իր ունեցվածքին, և այդ ունեցվածքը պահպանելու և բազմապատկելու համար էլ այդ իշխանությունը զբաղված է ցուցակային աճպարարությամբ, որպեսզի հետո այդ միջազգային գործընկերներին ասի, թե տեսեք ինչ լավ ընտրություն եմ անցկացրել՝ առանց լցոնումների և բռնության: Զարմանալի զուգադիպությամբ, ցուցակային այս աժիոտաժը համընկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վիդեոբլոգում տեղադրված ուղերձին, որտեղ դեսպանը խոսում է Հայաստանի համար ընտրության որակի բարելավման անհրաժեշտության մասին, նաև ընդգծում, որ ընտրության որակ ասվածն իհարկե միայն բուն քվեարկությունը չէ, այլ նաև նախընտրական ժամանակահատվածը, նախընտրական ընթացակարգերը: Եվ ահա, ի դեմս ընտրողների ցուցակի, Հայաստանի իշխանությունը մատուցում է նախընտրական ընթացակարգի որակական թռիչքի հիանալի օրինակ, իհարկե՝ խայտառակ իմաստով հիանալի և որակական: Ըստ երևույթին արժե, որ Հայաստանի ընտրությունից որակական առաջընթաց սպասող հարգարժան դիվանագետն ի գիտություն ընդունի, թե ինչպես է ապահովվում այդ որակը: Սակայն այստեղ ամենամեծ մարտահրավերն անշուշտ Հայաստանի հասարակությանն է, ոչ թե արտասահմանյան դիվանագետներինը: Նրանք ընդամենը դիտարկում են, խորհուրդ տալիս, հետևում, գնահատում, բայց մեծ հաշվով իրականացնում դիվանագետի իրենց առաքելությունը՝ ծառայելով իրենց պետություններին և կառավարություններին: Իսկ բուն խնդիրը մենք ենք, մեր պետությունը, մեր կառավարությունը, և այդ հարցերը՝ ընտրության որակի հետ կապված, պետք է լուծենք մենք: Եվ եթե իշխանությունը մարտահրավեր է նետում, ապա այդ մարտահրավերին պետք է պատասխանի Հայաստանի հասարակությունը:
Արդեն իսկ հայտնի է, որ Ժառանգությունը մտադիր է դատախազություն դիմել ցուցակներում առկա խայտառակ պատկերի մասով: Բայց, միայն Ժառանգությունն անշուշտ բավարար չէ: Հայաստանի դատախազությունը, իրավապահ համակարգն ընդհանրապես և դատական ատյանները պետք է ողողվեն Հայաստանի քաղաքական ուժերի դիմումներով և նամակներով, նաև Հայաստանի քաղաքացիական խմբերի դիմումներով, նամակներով և պահանջներով: Դժբախտաբար, Հայաստանի քաղաքական ընդդիմությունն ու քաղաքացիական հանրույթը ներկայիս ընտրական գործընթացում արդեն իսկ մի պարտություն կամ անհաջողություն ունեցել են՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ նախաձեռնության մասով: Երկրորդ անհաջողությունը կարող է լինել ընտրողների ցուցակը, եթե այն մնա այնպիսին, ինչպիսին հրապարակվել է այս խայտառակ տեսքով: Դա արդեն կարող է լինել լուրջ հոգեբանական հարված և արդեն երրորդ անհաջողության՝ ընտրության պաշտոնական արդյունքի մասով, իշխանության անելիքը արդեն կարող է լինել զուտ տեխնիկայի հարց:
Թող չափազանցություն չթվա, բայց ընտրացուցակների այդ հարցը, իր այսպես ասած հավելյալ 174 հազար մարդով, թերևս իսկապես բեկումնային պահ կարող է լինել ընտրական գործընթացում, հատկապես նկատի ունենալով այն, որ սա խորհրդարանի ընտրություն է և ձայներն այստեղ, ի տարբերություն նախագահական ընտրության, փոշիանում են, և 174 հազար ձայնը մեկ զամբյուղի մեջ կարող է հսկայական առավելություն տալ իշխանությանը: Ահա այդ իմաստով, ընտրացուցակները վճռորոշ գործոն են, որոնք կարող են կանխորոշել ընտրական գործընթացի արդյունքը: Հետևաբար, խնդիրը ընդամենը հերթական իշխանական հնարքը չէ, այլ բեկումնային մի սահման, որը եթե հասարակությունը և քաղաքական ընդդիմությունը չկարողացան պահել, ապա ստիպված են լինելու նահանջել ամբողջ ընտրական գործընթացի մնացյալ հատվածում: Եվ այդ իրողությունը պետք է գիտակցեն բոլոր նրանք, ում համար խորհրդարանական ընտրությունը հերթական առևտրային գործարքի առիթ չէ, այլ երկրում փոփոխությունների համար պայքարում առնվազն հերթական փորձ:








































