Եգիպտացի հայտնի ընդդիմադիր, «Ալ-Ղադ» լիբերալ կուսակցության ղեկավար Այման Նուրը, ով 2005 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Հոսնի Մուբարաքի գլխավոր հակառակորդն էր, պայքարելու է նախգահական աթոռի համար:
Նուրն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նախօրեին զինված ուժերի Բարձրագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավին հրաման էր արձակել Այման Նուրի վրայից հանել մի քանի տարի առաջ դատարանի կողմից սահմանված պատժամիջոցները:
Այման Նուրի խոսքերով՝ ինքը մտադիր է ուրբաթ օրը գնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով` որպես նախագահի թեկնածու պաշտոնական գրանցման համար:
2005 թ. ընտրությունների ժամանակ Նուրը հավաքել էր ավելի քան կես միլիոն ձայն, սակայն այնուհետև նա դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման՝ խաբեության և կուսակցության գրանցման ժամանակ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: 2009 թ. նա ազատ էր արձակվել՝ առողջական վատ վիճակի պատճառով:
Մինչև վերջին ժամանակներս Նուրը համարվում էր Եգիպտոսի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը, սակայն 2012 թ. հունվարի վերջին նա պաշտոնապես հայտարարել էր, որ չի մասնակցի ընտրություններին` կապված երկրում տիրող իրավիճակի հետ: Այդ ժամանակ Նուրը հայտարարել էր, որ կմասնակցի ընտրություններին, եթե երկրի իշխանությունը ռազմական ղեկավարության ձեռքից անցնի քաղաքացիական ղեկավարությանը:









































