Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները փակել են գերմանական ոչ պետական կազմակերպության` Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գրասենյակը: Հիմնադրամը սերտ հարաբերություններ ուներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության հետ: Ինքը` կանցլերը, հանդես գալով Բեռլինում, ափսոսանք է հայտնել` կապված ԱՄԷ-ի իշխանությունների որոշման հետ: Մերկելի խոսքերով՝ ԱՄԷ–ի իշխանությունները որոշել են փակել նման բոլոր հաստատությունները:
Ադենաուերի հիմնադրամի ղեկավար, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Հանս-Գերտ Պիոթերինգը հաստատել է գրասենյակի փակման մասին տեղեկատվությունը: Նա նշել է, որ ԱՄԷ-ում Գերմանիայի դեսպանին կանչել են նախարարություն և առանց պարզաբանումների պահանջել են փակել հիմնադրամը: Նա նաև հավելել է, որ հիմնադրամը փակելը «տագնապի նշան է արաբական երկրներում դեմոկրատիայի զարգացման համար»:
Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը գերմանական քաղաքական խոշոր կազմակերպություններից միակն էր, որը գրասենյակ ուներ ԱՄԷ-ում: Այն բացվել էր 2009 թ.՝ տեղական իշխանությունների առաջարկով։









































