«ԼՂ հակամարտության երկու կողմերն էլ հասկանում են, որ հարցը դեռևս լուծված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հիմնական խնդիրը չի լուծել». այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
«Թեպետ ՄԽ խումբը չի լուծել հակամարտությունը, նրա գործունեությանը միանշանակ դրական եմ համարում: Կառույցը միակ պատնեշն է, որից հետո հակամարտող կողմերին դժվար կլինի ետ պահել պատերազմից: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու խոսակցություններին, ապա սրանք ընդամենը ապատեղեկատվություն են: Մասնավորապես, նման ձգտում ունի Թուրքիան, որի նպատակն է ՄԽ գործընթացից վտարել Ֆրանսիային: Բայց Թուրքիայի դերն այժմ ավելի թույլ է, քան տարիներ առաջ»,- նկատեց նա:
Ամփոփելով` Մանվել Ղումաշյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խծմբի գործունեության վերաբերյալ գնահատականները ոչ միշտ են միանշանակ: «Բայց ինչ էլ լինի, ի վերջո, մենք լուծել ենք ԼՂ հարցը: Արցախը դե ֆակտո մերն է, սակայն այս լուծումը պետք է ունենա նաև դե յուրե ձևակերպում»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Արմմեդիա» տեղեկատվական- վերլուծական գործակալության խմբագիր Աննա Մկրտչյանն իր հերթին նկատեց, որ Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու մասին խոսակցություններին ոչ այնքան միանշանակ ու զգուշավոր գնահատականներ են հնչում անգամ Ադրբեջանում` Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի շուրթերով:
«Չի կարելի միանշանակորեն պնդել, որ ՄԽ ձևաչափի փոփոխությունը կարող է աղետալի ազդեցություն ունենալ գործընթացի վրա: Գուցե դրանով մեզ համար խնդիրը լուծելու նոր հեռանկարներ բացվեն: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ կերպ կփոխարինվի ձևաչափը և ինչ պայմաններում»,- ասաց նա:





































