Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Սեուլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով՝ ընտրելով զարգացման ասիական մոդելը.
«Ասիական զարգացման մոդելի հաջող վկայությունն է Հարավային Կորեան: Վերջինս Վրաստանի նման իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով բաժանված է սահամանազատիչ գծերի, ինչն էլ միավորում է մեզ: Այդ գծերն անցնում են երկու երկրների մայրաքաղաքներից (Թբիլիսի ու Սեուլ) մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Հարավային Կորեան 1970-ական թվականներին սկսեց բարեփոխումներ իրականացնել և արդյունքում հայտնվեց տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների առաջատարների շարքում: Վրաստանի համար Հարավային Կորեան կարող է հանդիսանալ զարգացման վառ օրինակ, ինչն առաջին հերթին վերաբերում է կրթական և առողջապահական համակարգերին:
Թբիլիսիի և Սեուլի միջև բացվելու է ավիահաղորդակցություն: Հարավային Կորեան պատրաստ է հարյուրավոր միլիոն դոլարներ ներդնել Վրաստանի տնտեսության մեջ, ինչն առնչվում է նաև ժամանակակից օդանավակայանների կառուցմանը: Կորեական ներդրումները նոր խթան կհանդիսանան մեր տնտեսության համար:
Հարավային Կորեան մտադիր է Բաթումում կառուցել նոր հյուրանոց, ողջ Վրաստանում կառուցել մի շարք խոշոր հիդրոէլեկտրակայաններ և էլեկտրամոբիլների մարտկոցների լիցքավորման գործարան: Այդ ամենի շնորհիվ երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր»:











































