2012 թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է օրենքի շրջանակներում հետևի, որպեսզի ընտրություններն անցնեն աննախադեպ մակարդակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ելնելով ընտրական գործընթացներում դիտորդական առաքելության իր բազմամյա փորձից, կարևորելով ոստիկանության դերը և անմիջական պատասխանատվությունն ընտրական ժամանակաշրջանում հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխարգելման գործում, արձանագրելով նախորդ ընտրությունների ընթացքում նախընտրական փուլերում վարչական ռեսուրսների լայնորեն օգտագործման:
Ընտրակաշառքների համակարգված բաժանումը և դրանց կանխարգելման ուղղությամբ իրավապահ մարմինների անգործությունը,ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 1542 –րդ հոդվածի դրույթներից, համաձայն որի արգելվում է, որ «Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու:
Ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով» `կոչ է անում ՀՀ ոստիկանությանը.
Իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացմանը նպաստելու համար իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա, որի նպատակն է կանխարգելել ընտրակաշառքի բաժանումը և ստացումը, իսկ ընտրակաշառք տալու դեպքերում բացահայտել այդպիսի դեպքերը և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծել:
Օպերացիայի արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ է պարբերաբար տեղեկացնել հասարակությանը, ինչպես նաև ամփոփել քվեարկությունից հետո 3 օրերի ընթացքում:
Գտնում ենք, որ միայն նշված գործողությունների իրականացմամբ իրապես կկանխարգելվեն և կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ մասնակցություն կունենա մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացմանը:










































