«Հրապարակ»-ը գրում է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի անունը կուսակցության համամասնական ցուցակից ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը:
«Ըստ մեր տեղեկությունների` Բոստանջյանը կուսակցության գրասենյակում համապատասխան դիմում է գրել, ստորագրել, նույնիսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ստորագրել: Այս ամենն ասում ենք այն պատճառով, որ սկզբնապես որոշված է եղել, որ Բոստանջյանը պետք է ընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում: Եթե այդպիսի որոշում չլիներ, նրան ուղղակի կարող էին ասել, որ քեզ չենք ընդգրկելու ցուցակ, և իմաստ չունի զբաղվել ավելորդ թղթաբանությամբ:
Բայց երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համամասնական ցուցակի նախնական տարբերակը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հաստատմանը, վերջինս ջնջել է Բոստանջյանի անունը:
Քոչարյանը Բոստանջյանին չի ներել փետրվարի սկզբին ասուլիսներից մեկում արված այն հայտարարության համար, ըստ որի ԲՀԿ-ն առիթ չունի չսատարելու նախագահին: «Մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթին»,- ասել էր Բոստանջյանը` նկատի ունենալով մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը»:







































