Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունենա փաստացի տվյալներ և ապացույցներ, որ Հայաստանի ընդհանուր բնակչության և ընտրողների թվաքանակի միջև անհամապատասխանություն կա, հանրությանն անպայման կներկայացնի այդ փաստը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արամ Սաֆարյանը:
«Հարցն անպայման ուսումնասիրելու ենք: Ես կասկածներ չունեմ, ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ հասկանալ հրապարակված երկու թվերի միջև անհամապատասխանության պատճառը: Դրա համար, ըստ երևույթին, պետք է ուսումնասիրել այդ թվերը»,- նշեց նա:
Նշենք, որ ըստ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի՝ այս պահի դրությամբ Հայաստանի ընտրացուցակներում կա 2 միլիոն 485 հազար 844 ընտրող: Մինչդեռ փետրվարի սկզբին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակչության թիվը ներկայումս 2 միլիոն 870 հազար է: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2001 թվականի մարդահամարի արդյունքի համեմատությամբ բնակչությունն այսօր պակասել է 415 հազարով:







































