Մեր երկիրը գնում է ընտրություններին ակնկալիքով, որ մարտիմեկյան դեպքեր չեն կրկնվելու, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող Փիթեր Սեմնեբիի այն կարծիքին, թե ժամանակն է արդար գնահատական տալ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին, սակայն դրանք չպետք է դառնան Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգի մաս:
Նա նշեց, որ քանի որ ընտրություններն են առջևում, այս պահին քաղաքականության մեջ, որպես օրակարգային քարտ, ներառել Մարտի 1-յան իրադարձությունները ճիշտ չէ: Ըստ նրա` դա կնշանակի տրամադրվել, որ հնարավոր է այդ ողբերգական դեպքերի կրկնությունը: «Ես այդպես կմեկնաբանեի այդ հարգարժան եվրոպացի գործչի խոսքը: Եվրոպացի գործիչը նկատի ունի, որ այսօր, այս պահին, եթե այդ հարցը ընտրական խնդիրների շրջանակներում ներգրավիի օրակարգ, կարող է տրամադրել հասարակությանը, որոշակի մտավախություններ ստեղծել, որ այդպիսի դեպքերը կարող են կրկնվել: Մինչդեռ ամենայն հավանականությամբ նկատի ունի, որ պետք է տրամադրվել, որ նմանատիպ դեպքերը չկրկնվեն»,- մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը:






































