Արաբական պետությունների ղեկավարների և վարչապետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի մարտի 13-ին՝ Քաթարում: Արաբական պետությունների լիգայի անդամ-երկրների հերթական` 24-րդ գագաթնաժողովը Քաթարում անցկացնելու որոշումն ընդունվել է ԱՊԼ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Բաղդադում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Արաբական առաջնորդների 23-րդ հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Իրաքի մայրաքաղաքում: Միայն 9 կամ 10 պետությունների ղեկավարներ կմասնակցեն «բաղդադյան գագաթնաժողովին»: Իր մասնակցությունը հաստատել է Թունիսի նախագահ Մունսեֆ Ալ-Մարզուկին և Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը: Հանդիպմանը կմասնակցեն նաև Կամորյան կղզիների և Սոմալիի առաջնորդները:
Տարբեր պատճառներով չեն կարողանա հանդիպմանը մասնակցել այլ պետությունների առաջնորդները: Նրանց կներկայացնեն ԱԳՆ ղեկավարները կամ էլ Լիգայի մշտական ներկայացուցիչները:
Արաբական պետությունների լիգան միավորում է 21 երկիր և Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը: ԱՊԼ անդամ-պետությունների առաջնորդների հանդիպումն ամենամյա է, սակայն 2011 թվականի գագաթնաժողովը չեղյալ էր հայտարարվել «արաբական գարնան» պատճառով: ԱՊԼ վերջին նիստը տեղի է ունեցել 2010 թվականի մարտին՝ Լիբիայի Սիրթ քաղաքում, որը նախագահել էր Մուամար Քադաֆին, ով սպանվեց 2011 թվականին՝ ապստամբների կողմից:








































