Ուկրաինական СТБ հեռուստաալիքի լրագրողուհի, «Իմ ճշմարտությունը» նախագծի ղեկավար Յարոսլավա Մացիևսկայային Կիևում իր կողմից վարձակալած բնակարանում մահացած են գտել։ Այս մասին հաղորդում է հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Մայրաքաղաքային ոստիկանության տվյալներով՝ 30-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է լոգասենյակում:
Փորձագետները մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերել մահացած մարմնի վրա, բնակարանում բոլոր իրերն իրենց տեղում են եղել:
«Մացիևսկայայի մահվան պատճառները հաստատելու համար կանցկացվի դատա-բժշկական փորձաքննություն»,– հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մեզ հայտնի է դարձել, որ մահացել է Յարոսլավա Մացիևսկայան` «Իմ ճշմարտությունը» նախագծի ղեկավարը: Մահվան հանգամանքները ճշտվում են, մենք իրավապահ մարմիններից տեղեկություններ ենք սպասում»,-այսօր հաղորդել է СТБ–ի մամլո ծառայությունը:
Մայրաքաղաքային ոստիկանության տեղեկություններով՝ աղջկա մահվան մասին առաջինն իմացել են գործընկերները: Հեռուստաալիքի լրագրողները տագնապ են բարձրացրել, երբ Յարոսլավան աշխատանքի չի ներկայացել: СТБ-ի աշխատակիցները կապվել են իրավապահ մարմինների հետ, ինչպես նաև փնտրել են այն բնակարանի տիրոջը, որը վարձակալել էր Մացիևսկայան:
Նախնական ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մահը վրա է հասել սրտի անբավարարության պատճառով:









































