Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է ամերիկյան JetBlue ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի հրամանատարին, ով իրեն տարօրինակ է պահել թռիչքի ընթացքում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse–ը: Օդաչուն, ում անունը չի հաղորդվում, գտնվում է հիվանդանոցում:
Ավիաընկերության ղեկավար Դեյվ Բերջերի խոսքերով՝ օդաչուի պահվածքը կապված է եղել առողջական որոշ խնդիրների հետ: «Ես վաղուց եմ ճանաչում նրան, և որևէ նշան, որ նրա հետ կարող է պատահել այն, ինչ պատահել է, չեմ նկատել»,- հայտարարել է Բերջերը՝ ելույթ ունենալով NBC հեռուստաալիքի Today Show հեռուստաշոուում: Նա նաև հայտարարել է, որ այդ օդաչուին գիտի որպես «բացարձակապես պրոֆեսիոնալի» և շնորհակալություն է հայտնել անձնակազմի անդամներին ու ուղևորներին, որ կարողացել են հաղթահարել բարդ իրավիճակը: Ինչ վերաբերում է ձերբակալված օդաչուին, CNN–ի հաղորդմամբ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպի հանգամանքները դեռ մինչև վերջ պարզ չեն:
միջադեպը տեղի է ունեցել մարտի 27-ին՝ JetBlue-ի չվերթի ժամանակ: Թռիչքից մի քանի ժամ անց անձնակազմի հրամանատարը դուրս է եկել ուղևորների սրահ և փորձել է խոսել ուղևորների հետ: Դրանից հետո նա փորձել է վերադառնալ օդաչուի խցիկ, սակայն դուռը կողպված է եղել: Այդ տեսնելով՝ օդաչուն սկսել է բղավել «Իրաք, «Ալ-Կաիդա», ահաբեկչություն, մենք կկործանվենք» և իրեն ոչ ադեկվատ է պահել:
Արդյունքում ուղևորներն իրենց ռադիոով դիմած անձնակազմի անդամի խնդրանքով հնազանդեցրել են օդաչուին: Պարզվել է, որ անձնակազմի հրամանատարին խաբելով ստիպել են լքել օդաչուի խցիկը, քանի որ նա սկսել է իրեն տարօրինակ պահել: Օդաչուին չեզոքացնելուց հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տեխասում, ընդ որում՝ վայրէջք կատարելուն օգնել է քաղաքացիական ավիացիայի օդաչուն, ով որպես ուղևոր գտնվել է օդանավում:
Չվերթի ուղևորներից մեկը սիրողական տեսաձայնագրում է կատարել:









































