Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի փաստաբանը արդարացրել է իր պաշտպանյալին: Նրա խոսքով` Սթրոս Կանը չի իմացել այն մասին, որ երեկույթներին ներկա գտնված կանայք մարմնավաճառներ են և վճարվել են հանցավոր խմբավորման կողմից` իր հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Երկուշաբթի օրը ֆինանսիստին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու համար: Վերջինս մարմնավաճառներ է մատակարարել Լիլի, Փարիզի և Վաշինգտոնի հյուրանոցներում կազմակերպված երեկույթների համար: Հարցաքննության ժամանակ Սթրոս Կանը խոստովանել է, որ մասնակցել է երեկույթներին, սակայն չի իմացել, որ կանայք մարմնավաճառներ են:
Հիշեցնենք, որ հարցաքննությունից հետո 62-ամյա Սթրոս Կանը ազատ է արձակվել 100 հազար եվրո գրավի դիմաց: Մեղադրանքների հաստատման դեպքում նրան 20 տարվա ազատազրկում է սպասում: Գործի շրջանակում հարցաքննված 5 կանայք խոստովանել են իրենց և Սթրոս Կանի միջև եղած սեռական կապի մասին: Կանանցից մեկն էլ իրավապահներին տեղեկացրել է, որ ինքը ներկա է եղել ամբաստանյալի մասնակցությամբ 11 խնջույքների:
Ֆինանսիստը հավակնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնին: Սեռական անկանոն վարքը փոշիացրեց նրա քաղաքական նկրտումները:











































