Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները հերքել են կալիումի ցիանիդով Սև ծովն աղտոտելու մասին տեղեկատվությունը:
Վրաստանի շրջակա միջավայի պահպանության նախարարության հասարակական կապերի ծառայության ղեկավար Էկա Բենդելիանին հայտարարել է, որ Սև ծովին չի սպառնում կալիումի ցիանիդով աղտոտվելու վտանգ, ինչը, որոշ տվյալներով, այնտեղ կարող է հայտնվել Արևմտյան Վրաստանում գտնվող վրացական փլուզված ձեռնարկությունից.
«Գործարանի քիմիական մնացուկները ներկայումս գտնվում են անվտանգ վայրում և որևէ վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրին: Մեր մասնագետները մշտական մոնիթորինգ են անցկացնում տեղանքում՝ թույլ չտալու համար շրջակա միջավայրի աղտոտում: Խնդիրը կլուծվի առաջիկա օրերին»:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Վրաստանի Կանաչների կուսակցության առաջնորդ Գեորգի Գաչեչիլաձեն հայտարարել էր, որ ձյան ծանրությունից փլված այդ գործարանում պահվում է հարյուրավոր կիլոգրամ կալիումի ցիանիդ, որը կարող է հայտնվել Սև ծովում:











































