Թուրքական Marka գովազդային ընկերությունը դադարեցրել է Ադոլֆ Հիտլերի մասնակցությամբ Biomen շամպունի գովազդային արշավը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հրեական համայնքին վրդովել է շամպունի գովազդը, որի հեղինակները օգտագործել են նացիստական Գերմանիայի առաջնորդի հին տեսագրությունները: Անգամ երկրի գլխավոր ռաբբին էր հայտարարություն տարածել, որտեղ դատապարտում էր գովազդը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Գործակալությունում հայտարարել են, որ հեռուստատեսությամբ այն այլևս եթեր չի հեռարձակվի: Գովազդը հանվել է նաև ընկերության կայքէջից:
Ինչպես նշում է Hurriyet պարբերականը, Marka-ի աշխատակիցները նկատել են, որ գովազդը ճիշտ չի ընկալվել:
«Եթե այն գովազդեր Մուստաֆա Քեմալը, ապա մարդիկ կմտածեին` մենք ծիծաղում ենք նրա վրա, իսկ երբ Հիտլերն է, ասում են, թե մենք նրան գովազդում ենք»,- Hurriyet-ին հայտարարել է գործակալության տնօրեն Հուլուսու Դերիջին:
12 վայրկյանանոց գովազդային հոլովակը անցած շաբաթ ցուցադրվել էր Թուրքիայի սպորտային ալիքներից մեկով:








































