Այսօր «Առաջին լրատվական» էր զանգահարել Երևանի բնակիչ Գեհուշ Ամիրխանյանը, որը զայրացած ասում էր, որ ՀԴՄ կտրոններով իրենց շահած գումարները «ՀայՓոստի» բաժանմունքներում չեն տալիս. «Մենք մի խումբ մարդկանցով այսօր գնացել էինք մեր գումարները ստանալու, սակայն մեզ, առանց որևէ պատճառաբանության, ասացին, որ չեն կարող տրամադրել: Ձեզ ենք դիմում, քանի որ գիտենք, որ դուք կարող եք օգնել»:
«Առաջին լրատվականը» փորձեց հենց «ՀայՓոստի» փոստային գործառույթների կարգավորման բաժնի պետ Սևադա Բադալյանից պարզել, թե ինչու չեն տրամադրվում շահող կտրոնների գումարները։ Վերջինս ի պատասխան ասաց, որ անպայման կտրամադրվեն, պարզապես՝ «Խնդիրներ են առաջացել համակարգչային ծրագրում: Նախկինում ուրիշ ձևով էր, հիմա` ուրիշ: Երկու օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն, և քաղաքացիները կստանան իրենց գումարները: Մինչև ամսվա վերջ շահողները կարող են ստանալ իրենց գումարները»:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվար ամսից սկսած՝ ՀԴՄ հատուկ համարներով շահող կտրոնների վիճակահանության կարգում տեղ են գտել մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս շահել նաև հատուկ համարի առաջին և վերջին երկու նիշով: Դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը:







































