ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին, Մհեր Արղամանյանին և Գրիշա Մելիք-Սարգսյանին:
Դռնփակ նիստում քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 3 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ Խորհուրդը պարզել է, որ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում: Իսկ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Խոսքը վերաբերում է համաներմամբ ազատ արձակվելու ենթակա մի դատապարտյալի դեմ կայացված դատական ակտին, որի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից Կարգապահական հանձնաժողովին հասցեագրված գրությունն էլ ակտը կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է դարձել:
Ըստ կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացության` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղավոր ճանաչված և երեք տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Խուրշուդյանի նկատմամբ նույն դատարանի դատավորի կողմից «Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ՝ Արթուր Խուրշուդյանին նշանակված պատժից ազատումը կատարվել է իրավական կարգով: Մինչդեռ պետական մեղադրողի կողմից Արթուր Խուրշուդյանի նկատմամբ Համաներման ակտի դրույթների կիրառման մասով դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի բավարարումը օրինական չէ:
Մեղադրողը, խնդրելով բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատարանից պահանջել է նրա նկատմամբ պատիժ նշանակել առանց Համաներման ակտի կիրառման: Իսկ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և Արթուր Խուրշուդյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` դատապարտել նրան տուգանքի` նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով:
Դատավորներ Մ. Պետրոսյանը, Մ. Արղամանյանը և Գ. Մելիք-Սարգսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել են բացատրություններ, որոնցում մասնավորապես նշել են, որ դատարանը դուրս չի եկել իր լիազորությունների և վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և դատական ակտը կայացրել է այդ սահմաններում: Այնպես որ, դատավորների համոզմամբ` դատարանի կողմից թույլ չի տրվել դատավարական օրենքի խախտում, և դատարանը գործել է միայն իր լիազորությունների և վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում:
Մինչդեռ Կարգապահական հանձնաժողովը համարել է, որ հիմնավորված չեն դատավորների բացատրություններում բերված այն փաստարկները, ըստ որոնց՝ դատարանի կողմից թույլ չի տրվել դատավարական օրենքի խախտում, և դատարանը գործել է իր լիազորությունների սահմաններում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտել է, որ Վերաքննիչի դատավորներ Մ. Պետրոսյանը, Մ. Արղամանյանը և Գ. Մելիք-Սարգսյանը արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչը հանդիսանում է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:
Խորhուրդը Վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանի՝ կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առել այն հանգամանքը, որ նրան մեկ այլ գործով և Արդարադատության խորհրդի 2011 թվականի ապրիլի 22-ի թիվ ԱԽ-8-Ո-11 որոշմամբ հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանին և Գ.Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Արղամանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:









































