Вести Экономика-ի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստվում է ծանր ժամանակների: Միջազգային կոշտ պատժամիջոցները Թեհրանին հարկադրել են կտրուկ ավելացնել հացահատիկի գնումը: Այս տարի ԱՄՆ-ը 180,000 տոննա ցորեն է վաճառել Իրանին՝ հայտնվելով նրա գլխավոր մատակարարների թվում: Այդպիսի երկրներ են նաև Ավստրալիան, Բրազիլիան ու Ղազախստանը:
Ուշագրավ է, որ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր՝ Իրանը հրաժարվում էր սննդամթերք գնել ԱՄՆ-ից: Սակայն ամեն ինչ փոխեց 2008 թվականի սարսափելի երաշտը, երբ գրանցվեց ԱՄՆ-ից ռեկորդային քանակությամբ հացահատիկի գնում:
Ամերիկյան կողմը կանխատեսում է, որ հունիսին Իրանում ցորենի ներկրումը կհասնի 2 միլիոն տոննայի: Նշվում է, որ Իրանը մտադիր է ևս 3 միլիոն տոննա ցորեն գնել Հնդկաստանից: Ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները տարածվում են միայն եկամուտների պոտենցիալ աղբյուրների վրա, որոնց Թեհրանը կարող է օգտագործել միջուկային զենքի ստեղծման համար:
Դրանք Իրանին չեն արգելում գնել սնունդ: Սակայն իրանական 20 բանկեր անջատված են SWIFT միջազգային ֆինանսական համակարգից, իսկ եվրոպական և ասիական մի շարք երկրների ընկերություններ իշխանությունների ճնշման տակ հրաժարվել են Թեհրանի հետ համագործակցությունից:








































