2010 թ. կատարած աշխատանքների համառոտ հաշվետվությունը ներկայացնելու նպատակով այսօր «ԱրմենՏելը» մամուլի ասուլիս էր հրավիրել: Ըստ ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոյի՝ 2010 թ. բեկումնային է եղել Հայաստանում հաղորդակցական տեխնոլոգրաների զարգացման համար, որում իր դերն ունի նաև «ԱրմենՏելը»: Անցյալ տարի ընկերությունը մեծագույն ուշադրություն է դարձրել ֆիքսված ինտերնետ կապի որակի բարելավմանը և հասանելիության աշխարհագրության ընդլայնմանը: «Եթե մեկ տարի առաջ ինտերնետը շքեղություն էր, ապա այժմ, նաև մեր շնորհիվ, այն հարմար սակագներով հասանելի է բոլորին»,- կարծում է Կլիմկոն: Այժմ «ԱրմենՏելի» ֆիքսված ինտենետը հասանելի է Հայաստանի 40 քաղաքներում, ընդ որում՝ նախորդ տարվա 1 մեգաբիթ արագության փոխարեն 3 մեգաբիթ արագությամբ:
2010 թ. «ԱրմենՏելի» բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը ևս ավելացել է` հասնելով մոտ 643,000-ի: 2011 թ. ընկերությունը մտադիր է մեծացնել իր 3G ծածկույթը: Անլար ինտերնետային ցանցի ընդլայնման համար «ԱրմենՏելը» աշխատանքներ է տարել նաև անցյալ տարի: «Եթե տարվա սկզբում ունեինք 3G ծածկույթ ապահովող 60 կայան, ապա այսօր ունենք 220-ը», – նշեց պարոն Կլիմկոն: