Երեքշաբթի գիշերը Լիբանանի հյուսիսային Բեքաայի հովտում ուժայինները կանգնեցրել են զենք տեղափոխող երկու բեռնատար, որոնք շարժվում էին հարևան Սիրիա: Ինչպես հաղորդում է Al-Manar հեռուստաալիքը, ձերբակալվել է 10 մաքսանենգ, նրանցից 4-ը՝ լիբանանցի, 6-ը՝ սիրիացի:
Բացի այդ, հաղորդվում է, որ սահմանամերձ Ալ-Քաա քաղաքում հայտնաբերվել է զենքի պահեստ, որը նախատեսվում էր ուղարկել ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակին»:
Այդ քաղաքի մերձակայքում՝ արդեն սիրիական կողմում, երեկ կատաղի մարտեր են ընթացել սիրիական հատուկ ստորաբաժանումների և ապստամբների միջև:
Լիբանանի զինվորական հրամանատարությունը հյուսիսային շրջաններում տեղակայել է զինվորական ուժեր՝ Սիրիայից զինված ջոկատների մուտքը կանխելու համար:








































