«Մեդիամաքս»-ի փոխանցմամբ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն այսօր հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարարության շենքի վաճառքի «որևէ գործարք չի եղել և չէր էլ կարող լինել՝ առանց հանրային ծանուցման և հրապարակային տեղեկատվության»:
Անդրադառնալով հրապարակումներին, որտեղ նշվում էր անգամ շենքի վաճառքի գինը, վարչությունը հայտնել է.
«Թերևս նման ենթադրությունների տեղիք է տվել ավելի վաղ հրապարակված պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ արդարադատության նախարարության այրված շենքի և հարակից կաթսայատան տեղում պետք է նախարարությունների նոր շենք կառուցվի, որտեղ պետք է տեղավորվեն սեփական տարածք չունեցող նախարարությունները՝ սփյուռքի, արդարադատության և այլն:
Ցանկում հիշատակվել է նաև ԱԳ նախարարությունը: Պատճառն այն է, որ այս գերատեսչության շենքային պայմանները վաղուց չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին և միջազգային չափանիշներին: Մասնագիտական գնահատականներով շենքի ներքին վերակառուցումը, հիմնանորոգումն արդիականացման նպատակով խիստ ծախսատար և նվազ արդյունավետ կարող է լինել, հետևաբար և՝ ժամանակակից նախագծով ու պայմաններով նոր շենքի կառուցումն ավելի նպատակահարմար է, որտեղ հարմարավետ պայմաններով կտեղավորվի նաև ԱԳ նախարարությունը:
Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանը լիազորվել է իրականացնել ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչությանն ամրացված՝ Վազգեն Սարգսյան փ. թիվ 3 հասցեով 3176.85քառ.մետր ընդհանուր մակերեսով ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքի, Զաքիյան փ. թիվ2/1 հասցեով 9700 խ/մ ծավալով կաթսայատան ու 7000խ/մ ծավալով լաբորատոր շենքի քանդման աշխատանքները:
Քանդման աշխատանքներից հետո քաղաքապետարանը ՀՀ ԿԱ ՊԳԿ-ին կհատկացնի ազատված հողամասի ճշտված գլխավոր հատակագիծն՝ ամբողջ մակերեսի համար» :







































