Այսօր Մաշտոցի պուրակում կլրանա քաղաքացիական անկախ դատարանի հրապարակած վճռի ժամկետը: «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» վճիռն էր` պուրակի բարեկարգումը և ապօրինի շինությունների ապամոնտաժումը:
Այս 10 օրերի ընթացքում դատարանի վճռի առաջին կետն իր վրա վերցրեց քաղաքապետարանը և իրականացրեց այգու բարեկարգման և մաքրման աշխատանքներ:
Իսկ վերջին ամենակարևոր կետի մասին օրեր առաջ մի հայտարարություն տարածվեց, թե Մաշտոցի պուրակի «պաշտպաններից» անկախ` հասարակության շրջանում ձևավորվում է հայտնի անձանց մի խումբ, որն աջակցում է Մաշտոցի պուրակում բուտիկների ապամոնտաժման վերաբերյալ երիտասարդության պահանջին: Տեղեկություններ տարածվեցին նաև, որ հայտնի հասարակական գործիչները հայտարարում են, թե իրենց վրա կվերցնեն անօրինական օբյեկտների ապամոնտաժման աշխատանքները, եթե երկու շաբաթվա ընթացքում իշխանությունները չկատարեն բնապահպանների պահանջները:
Ըստ որոշ աղբյուրների` ձևավորված խումբը նաև հանդիպում է կազմակերպել և քննարկել ապամոնտաժման նախապատրաստական աշխատանքները, այսօր նամակով դիմելու են ՀՀ ոստիկանապետին և քաղաքապետարանին ապամոնտաժման վերաբերյալ իրազեկելու համար:
«Առաջին լրատվական»-ն այս մասին զրուցեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի հետ, որը ասաց, որ այսօր պարզ կլինի, թե ինչ են անելու Մաշտոցի պուրակի «պաշտպանները»: Ըստ նրա` որոշ չափով հստակություն կա իրենց հետագա գործողություններում, բայց այսօր երեկոյան ավելի հստակ կլինի:
«Հայտարարություն կա, որ ձևավորվել է խումբ, որը, անկախ Մաշտոցի պուրակի պաշտպաններից, պետք է ապամոնտաժի կրպակները։ Դա մենք չենք, հասարակության շրջանում մեզանից անկախ ձևավորված խումբ է: Մեր առաջին անելիքը կլինի ապամոնտաժումը, այսինքն` մենք, որպես դատարան, որոշել ենք, իսկ այդ խումբը հարկադիր կիրականացնի դատարանի վճիռը»,- մեկնաբանեց ակտիվիստը` հստակեցնելով, որ ոչինչ դեռ վերջնականապես որոշված չէ:






































