«2011-2012 ուստարում Կոտայքի մարզի դպրոցների 1-ին դասարան ընդունված երեխաների թիվը կազմել է 3 հազար 360, ինչը մոտ 3 տոկոսով քիչ է նախորդ ուստարվա ցուցանիշից»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարություն ներկայացրած հաշվետվությունից:
Հաշվետվության հեղինակը Կոտայքի մարզպետարանն է: Առաջին դասարան ընդունված երեխաների թվի նվազումը արձանագրվել է բոլոր այն մարզերում, որոնց մասին հաշվետվություններ են ներկայացվել կառավարությանը:
Եվ չնայած դրան, այդ բոլոր մարզերի, նաև Կոտայքի մասին հաշվետվությունները նմանվում են Սովետական Միության տնտեսության վերաբերյալ ԽՄԿԿ համագումարներում հնչող բոցաշունչ զեկույցներին` ամեն ինչ աճել է, ամեն ինչ զարգացել է, ամեն ինչ բարգավաճել է: Անհասկանալի է մնում, թե ինչու է այդ դեպքում երեխաների թիվը նվազում»:









































