Լեհաստանի հետախուզության նախկին ղեկավար Զբիգնև Սեմենտկովսկուն մեղադրանք է ներկայացվել Լեհաստանի տարածքում ԿՀՎ գաղտնի բանտ ստեղծելու համար, որտեղ ամերիկացիները ենթադրաբար խոշտանգել են գերեվարված աֆղան զինյալներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Gazeta Wyborcza թերթը:
ԿՀՎ գաղտնի բանտերի մասին գործի քննությունը Լեհաստանում տարվում է 2008թ.-ից, սակայն Հետախուզության գործակալությունը մինչև վերջերս չէր կիսվում դատախազության հետ ԿՀՎ-ի հետ համագործակցության վերաբերյալ տեղեկություններով: Գործով որպես տուժող հանդես է գալիս ամերիկացիների կողմից գերված մոջահեդներից մեկը:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Սեմենտկովսկին մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և միջազգային իրավունքը խախտելու՝ «անօրինական կերպով ազատազրկման ենթարկելու» և գերիների նկատմամբ «ֆիզիկական պատժամիջոցներ կիրառելու» մեջ: Մեղադրանքը ներկայացվել է հունվարի 10-ին, սակայն պաշտոնապես այդ մասին չի հաղորդվել, քանի որ գործը գաղտնի է:
Առաջիկայում նման մեղադրանքներ կարող են ներկայացվել Սեմենտկովսկու տեղակալ Անջեյ Դերլատկեին, որն անմիջականորեն շփվել է ամերիկացիների հետ: Դեպքերը, որոնց մասին խոսվում է, տեղի են ունեցել 2002-2003թթ.:
«Ես հրաժարվել եմ բացատրություններ տալ դատախազությունում և կհրաժարվեմ հետաքննության յուրաքանչյուր հաջորդ փուլում, ինչպես նաև դատարանում»,- ասել է Սեմենտկովսկին՝ իր քայլը պատճառաբանելով պետության անվտանգության նկատառումներով: Այժմ նա դասախոսում է երկրի բուհերից մեկում:
Թերթը պարզել է, որ արդարադատության հետ խնդիրներ կարող է ունենալ նաև Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլերը, որը կառավարությունը գլխավորել է 2001-2004թթ.: Դատախազությունն արդեն նյութեր է հավաքել՝ նրա գործը Պետական տրիբունալ հանձնելու համար:
Լրագրողները պարզել են, որ գերեվարված մոջահեդներին ԿՀՎ իքնաթիռներով տեղափոխել են Լեհաստանի հյուսիս-արևելքում տեղակայված Շիմանախ օդանավակայան:
Թերթի տվյալներով՝ «ԿՀՎ կենտրոնի» հետ կապ ունեցող պաշտոնյաների անունները հայտնի են դարձել հետախուզության նյութերից:









































