Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հանգիստ ընդունեց Փիթեր Շիլթոնի` իր հասցեին արված վարկաբեկիչ արտահայտությունները: Բանն այն է, որ Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահի գլխում դեռ պտտվում է 1986 թվականի աշխարհի առաջնության ժամանակ արգենտինացու հեղինակած ձեռքով գոլը: Շիլթոնը վերջերս անգլիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Մարադոնային հանդիպելիս նույնիսկ նրա ձեռքը չի սեղմի:
Մարադոնան հայտարարեց, որ չի պատրաստվում այդ դրվագի համար ներողություն խնդրել, սակայն խնդրել է Շիլթոնին մոռանալ նախկին վեճերը.
«Այդ դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ: Նա ասել է որ չի սեղմի իմ ձեռքը: Չնայած նրա դիրքորոշմանը, ես միշտ պատրաստ եմ ձեռք մեկնել Շիլթոնին, սակայն չեմ պատրաստվում ներողություն խնդրել մի դրվագի համար, որը տեղի է ունեցել 25 տարի առաջ»,- ասել է Մարադոնան:









































