ԱՄՆ-ը ուսումնասիրում է Ավստրալիային պատկանող Կոկոսի կղզիներից անօդաչու սարքեր բաց թողնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան և ավստրալաան անանուն աղբյուրները:
Այդ կղզիներից կարող են իրականացվել նաև օդաչուով կործանիչների թռիչքներ: Զինվորականների գնահատականներով՝ այնտեղի բազան հարմար կլինի Հարավչինական ծովը վերահսկելու համար:
Ավստրալիան նաև կարող է ընդլայնել ռազմածովային բազան Պերտում, որպեսզի այն կարողանան օգտագործել ամերիկացիները, և բազա ստեղծել Բրիսբենում, որտեղ կտեղակայվեն նաև ամերիկյան նավեր:
Պենտագոնը նշում է, որ այդ բոլոր տարբերակների շուրջ դեռ որոշում չի կայացվել: Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները նշում են, որ Ավստրալիայում սեփական բազաներ ԱՄՆ-ը չի պատրաստվում ստեղծել:
Վաշինգտոնը պատրաստվում է ամրապնդել իր ռազմական կապը Ավստրալիայի հետ 2012 թ. հունվարի 5-ին հրապրակաված իր նոր զինվորական ռազմավարության շրջանակներում: Նախատեսվում է ուշադրությունը կենտրոնացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և հատկապես Հարավարևելյան Ասիայի վրա: Փորձագետների գնահատականներով՝ ԱՄՆ-ը այդպիսով պատրաստվում է հավասարակշռել Չինաստանի ազդեցության ուժեղացումը, որը գնալով ավելի մեծ հավակնություններ է ներկայացնում Հարավչինական ծովի ռեսուրսների նկատմամբ:
Ապրիլին Ավստրալիայի հյուսիսում կսկսվի 2500 ամերիկացի ծովային հետևակայինների տեղակայումը:
ԱՄՆ-ը նաև բանակցություններ է վարում Սինգապուրի հետ այնտեղ 4 ամերիկյան նավեր տեղակայելու համար: Բացի այդ, Վաշինգտոնը պատրաստվում է ավելացնել ռազմական ներկայությունը Ֆիլիպիններում, ամրապնդել ռազմական կապերը Թաիլանդի, Վիետնամի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Բրունեյի հետ:







































