Չինաստանում մահապատժի են ենթարկել Աբդուքերիմ Մամուտին, որն իր 8 համախոհների հետ կոտորած էր սարքել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում անելով դատարանի ներկայացուցչին: Այդ գործով վճիռը հրապարակվել է մարտի 26-ին Կաշգարում:
Դատարանը Մամուտին մեղավոր է ճանաչել ահաբեկչական խմբավորման կազմակերպման մեջ: Ահաբեկչությունը, որը առիթ է դարձել դատական գործի հարուցման համար, կատարվել է փետրվարի 28-ին Կարգալիկ (Եչեն) քաղաքի շուկայում:
Հարձակման հետևանքով մահացել էր 15 մարդ, ևս 14-ը ստացել էին վնասվածքներ:
Մեղադրող կողմի տվյալներով` 2011 թ. Մամուտը, տարվելով կրոնական ծայրահեղականությամբ, ստեղծել է 9 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբավորում: Այս մասին հաղորդել է «Սինխուա» չինական գործակալությունը: Նա փետրվարի 28-ին իր համախոհեներին զինել է կացիններով և դանակներով ու տարել Կարգալիկի շուկա, որտեղ նրանք իսկական կոտորած են իրականացրել: Մամուտին ձերբակալել էին, համախոհներին` սպանել:








































