Սուդանի հարյուր հազարավոր քրիստոնյաներ պետք է երեք շաբաթում լքեն այդ երկիրը, որը վերջիններիս զրկել է քաղաքացիությունից: Սպառնալիքը տարածվում է 700 հազար մարդու վրա:
Ինչպես նշվում է Barnabas Fund իրավապաշտպան կազմակերպության կայքում, քրիստոնյաները պետք է մինչև ընթացիկ տարվա ապրիլի 8-ը հեռանան «խիստ իսլամական» երկրից, հակառակ պարագայում նրանց կդիտեն որպես արտասահմանցիների, ինչը շատ վտանգավոր է «այն ռեժիմի պայմաններում, որը չափազանց թշնամաբար է տրամադրված մուսուլմանների և ոչ արաբների նկատմամբ»:
Քրիստոնյաների զգալի մասն արդեն ստիպված տեղափոխվել է Սուդանի հյուսիս քաղաքացիական պատերազմի հետևանքով, պատերազմ, որը քայքայեց այդ երկիրն ու հանգեցրեց նրա բաժանմանը` Հարավային Սուդանի Հանրապետության հռչակմանը 2011 թ. հուլիսին:
Ինչպես նկատում է Barnabas Fund-ը, վտանգ կա, որ այն քրիստոնյաները, որոնք կմնան երկրում ապրիլի 8-ից հետո, կբախվեն հետապնդումների կամ կարտաքսվեն երկրից: Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ զանգվածային փախուստը կհանգեցնի հումանիտար աղետի, քանի որ թե՛ Սուդանում, թե՛ Հարավային Սուդանի Հանրապետությունում, վիճակը շարունակում է ծանր մնալ:






































