Մերձավոր Արևելքի երկրներում 2011թ.-ին մահապատիժ ավելի հաճախ է կիրառվել, քան դրանից մեկ տարի առաջ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին:
Նշվում է, որ ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, հրաժարվում են այդ պատժամիջոցից: Կազմակերպության տեղեկություններով` 2010թ.-ին մահապատժի է ենթարկվել 676 դատապարտյալ, որոնցից մոտ կեսը` Իրանում, 82-ը` Սաուդյան Արաբիայում, 68-ը` Իրաքում: Փորձագետներն ասում են, որ սրանք միայն հաստատված փաստերն են, որտեղ ներառված չեն, օրինակ, մահապատժի դեպքերը Չինաստանում:
Թեպետ Չինաստանի իշխանությունները գաղտնի են պահում մահապատժի ենթարկվածների մասին տեղեկությունները, այդուհանդերձ իրավապաշտպաններն ասում են, որ, հնարավոր է, գրանցվել է նման 1000 դեպք:









































