Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելով թիվ 7 ընտրատարածքում, քայլ էր՝ փրկելու իր բարի անունն ու վարկանիշը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Րաֆֆի Հովհաննիսյանը դժվար թե կարողանա մեծամասնականով հաղթել նույն՝ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանին: Այդ թեկնածուի դեմ «խաղ չկա»: Դրա համար էլ նա այսկերպ է վարվում: Մեծամասնականով պարտությունը Հովհաննիսյանի վրա շատ ծանր կնստի»,- ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանի խոսքով՝ «Ժառանգության» ղեկավարն իր ինքնաբացարկով կարծես ասում է. «Մենք ու ՀԱԿ-ը նույն ընտրազանգվածի վրա ենք աշխատում, և ես չեմ ուզում, որ կոնկրետ կետում միմյանցից «ձայներ փախցնենք»: Ավելի ճիշտ կլինի, եթե պայքարը առավել լայն շրջանակում տարվի»:
Ամփոփելով՝ սոցիոլոգը նկատեց, որ Հովհաննիսյանի ինքնաբացարկը կուսակցության վարկանիշի վրա չի ազդի:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր թիվ 7 ընտրատարածքում ինքնաբացարկի մասին: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել են գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:








































