Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի հակամարտությունների գծով նախկին պետնախարար, արհեստավարժ ռեժիսոր Գեորգի Խաինդրավան հայտարարել է, որ այս գարնանը ներկայացնելու է իր «Ժողովրդավարության փարոս» խորագրով վավերագրական ֆիլմը:
Չի բացառվում, որ դա տեղի ունենա արդեն Զատիկին: Ֆիլմում պատմվում է Վարդերի հեղափոխությունից հետո երկրի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ իրագործված պետական ահաբեկչության մասին:
Խաինդրավան հայտարարել է, որ ֆիլմի նկարահանման համար առկա են բավական շատ նյութեր, մնացել է միայն կանոնակարգել դրանք. «Ֆիլմը հիմնված է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական ահաբեկչության էությունը բացատրող Ժնևյան փաստաթղթի 11 կետերի խախտման վրա:
Իշխանությունները բազմաթիվ հանցանքներ են գործել իրենց ժողովրդի նկատմամբ՝ իշխող ռեժիմին ընդդիմադիրների սպանություններ, զանգվածային հանրահավաքների բռնի ցրումներ, ապօրինի ձերբակալություններ, ցուցադրական դատեր, մարդու իրավունքների և Վրաստանի Սահմանադրության խախտումներ»:
Խաինդրավան խոստացել է իր ֆիլմն ուղարկել Սաակաշվիլիին աջակցած ու աջակցող արևմտյան երկրների կառավարություններին:
Հիշեցնենք, որ Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 2-4-ը։ Հեղափոխության հիմնական մոտիվը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումն էր։
«Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին։








































