Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի ռազմավարական կայունության հատուկ ներկայացուցիչ Էլեն Թաուշերի հետ Բրյուսելում քննարկել է հակահրթիռային պաշտպանության խնդիրները: Ըստ ИТАР ТАСС-ի հաղորդման` այս մասին այսօր հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Հիմնական ուշադրությունը դարձվել է հակահրթիռային պաշտպանության խնդրին, ինչպես նաև տարբեր մակարդակներում ռուս-ամերիկյան կայանալիք շփումների նախապատրաստման հարցերին»,- տեղեկացրել են նախարարությունում:
Ռյաբկովը և Թաուշերը բրյուսելյան ֆորումի շրջանակներում մասնակցել են հատուկ մասնագիտական բանավեճի` նվիրված հակահրթիռային պաշտպանության խնդիրներին:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Հորմաթսի հետ: «Քննարկվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը»,- տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:







































