Թուլուզյան ահաբեկչի ավագ եղբայր Աբդելկադերը կկանգնի դատարանի առջև: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Աբդելկադերի ընկերուհու իրավաբանի տեղեկատվության համաձայն՝ նրա դեմ մեղադրանք կառաջադրվի գողության մեջ համագործակցելու համար: Սակայն դատախազությունը հայտնել է, որ խոսքը սպանությանը հանցակից լինելու մասին է:
Ավելի վաղ ոստիկանությունը հարցաքննել էր Աբդելկադերին և նրա ընկերուհուն: Վերջինիս մարտի 25-ին բաց էին թողել: Հետաքննությունը պարզել է, որ «նա ոչինչ չգիտի իր ամուսնու թաքուն կյանքի մասին»:
Ոստիկանությունը ձերբակալել էր նաև Մերա եղբայրների մորը, սակայն նա մարտի 23-ին ազատ էր արձակվել:
29-ամյա Աբդելկադեր Մերան հայտարարել է, որ ինքը հպարտ է իր եղբոր գործած արարքով: Նա ժխտել է իր մասնակցությունը սպանություններին, սակայն խոստովանել է, որ եղբոր հետ մասնակցել է մոտոցիկլետի գողությանը, որով էլ ահաբեկիչն իրականացրել է սպանությունները:
Աբդելկադեր Մերան ֆրանսիական ոստիկանությանը հայտնի էր իր իսլամիստական տրամադրություններով: Այժմ հետաքննությունը փորձում է պարզել, թե արդյոք նա կարո՞ղ էր ազդել եղբոր հայացքների վրա, որոնց պատճառով կարող էր իրականացվել Թուլուզի ահաբեկչությունը:









































