Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Սինգապուրում հանդիպել է տեղի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է Zman.com-ը` հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ իրանական իշխանությունների ձգտումները քաղաքական նպատակներ են հետապնդում` իսլամական հեղափոխության տարածում ամբողջ աշխարհում, իսկ միջուկային զենքը միայն միջոց է նպատակին հասնելու համար:
Ինչպես հայտնի է, աշխարհը մտահոգ է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման պատճառով Իսրայելը կարող է այդ երկրին ռազմական հարված հասցնել: Ավելի վաղ հայտնում էին, որ հարձակումը կարող է սկսվել ապրիլին: Իսրայելի արևմտյան դաշնակիցները համոզում են նրան այդ քայլին չդիմել:
ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ: Սակայն Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրենք միջուկային ծրագրով նպատակ ունեն միայն բավարարել երկրի էլեկտրաէներգիայի պահանջները:










































