Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազությունն ավարտել է ԵՄ հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի նկատմամբ նախնական հետաքննությունը:
Գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հաստատել է, որ Էգեմեն Բաղըշը խախտել է Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը և Բաղըշի դիվանագիտական անձեռնմխելիության հետ կապված՝ դիմել է Շվեյցարիայի ԱԳՆ-ին՝ նրա դեմ դատական հայց սկսելու համար: Այժմ Բրաունշվեյգը սպասում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պատասխանին:
Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած Էգեմեն Բաղըշը հունվարի 28-ին Ցյուրիխում հայտարարել էր. «Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի ընդունած օրենքը որևէ նշանակություն չի կարող ունենալ։ Մենք հիմա Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն չեն։ Դե թող գան և ձերբակալեն ինձ»:
Այս կապակցությամբ Շվեյցարիայում նախնական հետաքննություն էր սկսվել նրա նկատմամբ: 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է նաև Հայոց ցեղասպանության հերքման առնչությամբ:
Այս կապակցությամբ Բաղըշը հայտարարել էր. «Ես չեմ ճանաչում որևէ ուժի, որը կարողանա կալանավորել Թուրքիայի Հանրապետության որևէ նախարարի: Մենք Թուրքիան ենք և հանգիստ ենք այդ հարցով»:










































