«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը գիտակցում է, որ ի դեմս ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի (SAS-ի Արտակ) Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում իրեն բարդ ընտրապայքար է սպասվում: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ինձ հետ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին ծանոթ եմ և՛ իրենց ծավալած գործունեությամբ, և՛ անձնապես, երրորդին՝ անկուսակցական Ալեքսան Մինասյանին չգիտեմ: Նրանց բոլորի հնարավորություններն էլ գիտեմ, բոլորի հնարավորություններն էլ բարձր եմ գնահատում, ինչպես և իմ հնարավորությունները: Պատրաստ եմ նրանց հետ մրցելու, բոլոր թեկնածուներին էլ նորմալ եմ վերաբերվում»,- նշեց Սեյրանյանը:
Խմբագրի խոսքով՝ Զարուհի Փոստանջյանի հետ իրեն քաղաքական պայքար է սպասվում, մինչդեռ ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի դեպքում քաղաքական պայքարի մասին խոսք լինել չի կարող: «Ես լավ եմ գիտակցում, որ նրա մասով պայքարելու եմ փողի, իշխանական լծակների գործադրման և ընտրակեղծիքների դեմ, բայց Արտակ Սարգսյանն ուժեղ մրցակից չէ»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Հարցին՝ հաղթելու ո՞ւմ հնարավորություններն է ամենաբարձր գնահատում, «168 ժամ» թերթի խմբագիրն ասաց՝ իր: «Որովհետև ես անկուսակցական եմ, չեմ թերագնահատում որևէ կուսակցության գործունեությունը, բայց հասարակությունը լավ գիտի նրանց՝ 5 տարի շարունակ ծավալած գործունեությունը և հիասթափվել է նրանցից: Ես ինքս չտեսա այն քաղաքական ուժը, որին կարող էի միանալ»,- նշեց Սեյրանյանը:
Նշենք, որ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Արտակ Սարգսյանին (SAS-ի Արտակ), առաջադրվել են նաև Արամ Մանուկյանը (ՀՀՇ), Ալեքսան Մինասյանը (անկուսակցական) և «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը:








































