ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու մասին վերջին տարիներին շատ է խոսվել և Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նմանօրինակ բանաձևի նախագիծ ներկայացնելը, կարծես, փորձ է՝ իրականացնելու այդ գաղափարը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Գուցե այս հարցում կոնկրետությո՞ւն կա, և փորձում են առաջարկնե՞ր անել: Իհարկե, Եվրամիության մոտեցումները ԼՂ հակամարտության հարցում շատ հեղհեղուկ են: Ինչպե՞ս կարող են կառույցի 27 անդամ երկրներ այսքան նուրբ հարցի շուրջ մեկ ընդհանուր եզրի գալ: Մի խնդիր պարզ է. ԵՄ-ը փորձում է իրականացնել այն ծրագիրը, որ ԼՂՀ-ն իր համար բաց լինի, և ինքն այնտեղ մուտք գործի առանց որևէ խոչընդոտի»,- նշեց նա:
Փորձագետի խոսքով, բանաձևի նախագիծը կյանքի կոչվելով՝ ստատուս քվոյի շուրջ լրջագույն փոփոխություններ տեղի կունենան: «Եթե տարիներ շարունակ խնդրի շուրջ մեկ մոտեցում է եղել, ապա նախագծի ընդունմամբ, հնարավոր է, շրջանառության մեջ դրվեն բոլորովին այլ սկզբունքներ: Միաժամանակ, կարծում եմ, որ հակամարտության կողմերը եվրոպական կառույցից կպահանջեն գործընթացի վերաբերյալ ավելի կոնկրետ նպատակներ ներկայացնել»:
Ամփոփելով՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ նախագծին «թթու է նայում» նաև Ադրբեջանը: «Եթե, օրինակ, ԵՄ-ն, առանց Ադրբեջանին հաշվի առնելու, Լեռնային Ղարաբաղում ներկայացուցչություն բացի, պարզ է՝ դա նրան դուր չի գա»,- բացատրեց փորձագետը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որտեղ ի թիվս այլ դրույթների, նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Ֆրանսիան Եվրամիությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին: Փաստաթուղթը դեռևս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ինչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մեկ ամսից։







































